ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

04.03.2012

Գործազուրկը

Ժամացույցի սլաքներն առաջ  չէին գնում: Օդը կարծես ծանրացել  ու ճնշում  էր  ուսերը: Ամբողջ օրը քայլել էր քաղաքի համարյա բոլոր փողոցներով ու ծեծել մի քանի տասնյակ գործատուների դռներ: Արդեն սովորական բան էր դարձել ու դուռը ծեծելուց առաջ գիտեր, որ դռան ետևում` կլորիկ փորով, գրիչը մատերի արանքում անփույթ պտտացնող մի պարոն է նստած,որը համառորեն իրենից աշխատանքային փորձ է պահանջելու (դա`ամենաքիչը):
Սարսափելին դա չէր: Սարսափելին այն էր, որ մայրը հիվանդ պառկած էր ու դեղեր էին անհրաժեշտ: Իսկ բժշկի այցի համար էլ առանձին պիտի վճարեր: Պարոններին դա քիչ էր հետաքրքրում` խորհուրդ էին տալիս դիմել բարեգործական ընկերություններին, բայց իրեն աշխատանք էր պետք, ոչ թե` օգնություն:
Ինքն էլ է մեղավոր` ասա աշխատում էիր էլի, օրավարձն էլ ժամանակին ու բավարար վճարում էին: Ի ՞նչ սատանա մտավ մեջդ, որ որոշեցիր խմել ու հենց այդ օրը եկավ պատվիրատուն: Գործի շատ ու քչից խոսեցին, իրար չհասկացան` մի քիչ ինքը շատ ասեց, մի քիչ իրեն ասեցին ու վերջը «հպարտությունը» հաղթեց: Հիմա ետ «հպարտությունը» կողքին չէր, որտեղ  «պահանջվում է» ցուցանակ էր տեսնում, էլ մնացածը չէր կարդում`մտնում էր ներս, ու րոպեներ էր սպանում ընդունարանում, բայց էլի նույն «պարոնը» աշխատանքային փորձ էր պահանջում: Տեսնես էս քաղաքում մի բանվորի գործ չկա՞: Թե՞ դրա համար էլ փորձ է  պետք
Այ քեզ բա՜ն: Ընկել է մտքերով ու ցուցանակներն աչքաթող արել: Հիմա հարկ կլինի հետ գնալ ու նորից նայել` գուցե մի տեղ ճարի` ինչ-որ բանվորի, փաթեթավորողի կամ գոնե պահակի: Էլի մի քիչ գումար կտան դեղերը կգնի, մինչև մի հարմար գործ կճարի:
Աչքերի առաջ ինչ-որ տարօրինակ շրջանակներ ուրվագծվեցին ու անցան:
-Երևի սոված եմ,-մտածեց:
Վերջին անգամ առավոտյան թեյի հետ մի կտոր հաց էր կերել, իսկ հիմա կեսօր էկեսօր է, թե՞ երեկո:
- Չէ՜, իրոք սոված եմ
 Ականջը ծակեց սուր ազդանշանը ու նորից երկու լուսավոր շրջանակ տեսավ:
- Մեքենա է,- առկայծեց միտքը:
- Բայց մայթի վրա ի՞նչ գործ ունի,- հերքեց ինքն իրեն:
Սուր ցավ զգաց կողքին ու միտքն ընդհատվեց
Մարդիկ հավաքվել էին փողոցի կենտրոնում ու մեկը մյուսից փորձում էր եղելությունն իմանալ
Հեռվից լսվեց ոստիկանական մեքենայի ազդանշանը և փողոցը դատարկվեց հետաքրքրասերներից` ո՞վ գլուխը կդնի ցավի տակ: Ընկնելու են քաշքշուկի մեջ, հարցաքննելու են` ի՞նչ ես տեսել, չե՞ս հիշում համարանիշը և այլն: Մահացածի վրայից էլ երևում է, որ անտեր մարդ է: Աստված հոգին լուսավորի,մենք միլիցիայի դռներն ընկնելու ոչ հավես ու ոչ էլ  ժամանակ ունենք

                                                                                                                                     ԱրԷ


նկարը՝ Է. Շահինի

4 комментария:

  1. Այնքան դառնությամբ սա կարդացի... Ամենադաժանն այն է, որ այս դեպքը պատահում է գրեթե ամեն օր...

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Ու ամենակարևորը.-դա տեղի է ունենում անտարբեր հասարակության աչքի առաջ...

      Удалить
  2. Ամենակարևորի փոխարեն մի ուրշ բառ կգործածեի՝ ամենացավալին...

    ОтветитьУдалить
  3. դա և ցավալի է և շատ կարևոր..դա ցուցադրում է մարդկանց բարոյահոգևոր արժեքների անկման ցուցանիշը...

    ОтветитьУдалить