Ռոբերտ Բըրնսը գիտելիքներ ձեռք է բերել ինքնակրթությամբ: Գրել է 15 տարեկանից: Նրան շատ են ոգևորել շոտլանդական ժողովրդական երգերը: Բըրնսը «Երկու հովիվ» և «Սուտ ճգնավոր Վիլլի աղոթքը» ձեռագիր տարածված երգիծական պոեմների շնորհիվ վաստակել է ազատախոհ բանաստեղծի համբավ: Նա ավելի մեծ ժողովրդականության է հասել «Բանաստեղծություններ՝ գրված առավելապես շոտլանդական բարբառով» (1786 թ.) անդրանիկ ժողովածուով:
Առաջին գրքի հաջողությունից հետո տեղափոխվել է Էդինբուրգ, հետագայում՝ Դամֆրիս կոմսություն, և ձեռնամուխ եղել շոտլանդական ժողովրդական երաժշտական-երգային ստեղծագործությունների հավաքմանն ու հրատարակմանը: Բըրնսը, օգտվելով ժողովրդական բանահյուսության և շոտլանդական հին գրականության ավանդույթներից, ստեղծել է ժամանակի ոգուն հարազատ ու ինքնատիպ պոեզիա, որին հատուկ են արտահայտչամիջոցների պարզությունը, անկեղծ հուզականությունը, ներքին դրամատիզմը և հումորը: 1791 թ-ին հրատարակել է «Շոտլանդական երաժըշտական թանգարան» և «Շոտլանդական երաժշտական ընտիր երկեր» ժողովածուները:
Ուրախության և խնջույքի երգերում Բըրնսը գովերգել է շոտլանդական բանահյուսության սիրելի հերոսին՝ Ջոնին: Այդ ժամանակաշրջանում է ստեղծել նաև բազմաթիվ բանաստեղծություններ, որոնք շոտլանդական գրականության գլուխգործներից են («Բրյուսը՝ շոտլանդացիներին», «Սերը՝ ինչպես վարդ, կարմիր վարդ», «Ազնիվ աղքատություն» և այլն):
Բըրնսը խանդավառությամբ է արձագանքել XVIII դարի վերջի Ֆրանսիական մեծ հեղափոխությանը, Անգլիայում և Շոտլանդիայում հեղափոխական շարժումների վերելքին («Ազատության ծառը»), ժողովրդին կոչ է արել պայքարել հանուն ազատության: Բանաստեղծը բարձր է գնահատել մարդկային արժանապատվությունը, պարզ ու մաքուր փոխհարաբերությունները, փառաբանել աշխատանքը, սերը, բարեկամությունը: Նա ստեղծագործել է հասարակ գյուղացուն հասկանալի լեզվով: Երջանկության և աղքատության թեման արտացոլված է Բըրնսի բազմաթիվ բանաստեղծություններում («Ուրախ աղքատները», «Երկու շուն», «Ֆինդլեյ» և այլն): Նրա բանաստեղծությունների մեծ մասը վերածվել է երգի և մինչ օրս երգվում է Շոտլանդիայում:
Բըրնսի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում` հայերեն:
կենսագրությունը www.encyclopedia.am-ի
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ոտաբոբիկ Աղջիկը»
Ոտաբոբիկ այն աղջկան
Ես երբևէ չեմ մոռանա:
Տանջվում էին ոտքերն այնքան,
Երբ փողոցով անցնում էր նա:
Այդ ոտքերին՝ հարգ ու կարգով
Ատլաս ու խաս էր լոկ վայել,
Նա սլանար պիտի կառքով,
Եվ ոչ ոտքով այդպես քայլեր:
Կրծքին էին անվերջ հոսում
Խոպոպիկներն իր մազերի,
Իսկ աչքերը՝ խավարի մեջ
Փարոսն էին նավազների:
Թեկուզ անհայտ է աշխարհին
Այդ աղջիկը հրաշալի,
Բայց նրա դեմ կխամրեին
Գեղեցիկներն այս աշխարհի:
«Գարու Հատ Ջոնը»
Զայրացրեց նա անընդհատ
Երեք միապետի,
Ու վճռվեց, որ Գարու հատ
Ջոնը մեռնի պիտի:
Հրովարտակն իսկույն տվին,
Որ գերեզման փորեն
Եվ քաջ Ջոնին, այդ լավ տղին
Հուր-հավիտյան հորեն:
Կանաչ բխեց սար ու ձորից,
Առուն դարձավ սելավ...
Եվ Գարու հատ Ջոնը նորից
Թաց հոգից դուրս ելավ:
Գարունն անցավ, եկավ ամառ...
Ասես կռվի կոչում,
Առաջվա պես խենթ ու համառ
Նիզակ է նա ճոճում:
Աշունն իջավ խաղաղ ու տաք,
Հոգս ու գործեր բերեց,
Եվ հոգսերի ծանրության տակ
Ջոնը մեջքն իր ծռեց:
Ցուրտ է արդեն, ցուրտ, մահվան օր...
Եվ թողած գործ ու բան,
Ոսոխները ոխով մի նոր
Ծերուկ Ջոնից կպան:
Մի հարվածով կոր դանակի
Տապալեցին նրան
Ու որպես խենթ ստահակի
Քարշ տալով կալ տարան:
Եվ վաղ ծեգից սկսեցին
Մահակներով թակել,
Քամուն տված՝ վեր նետեցին,
Տեսան՝ վար է եկել:
Եվ գցեցին ջրհոր մի մութ,
Որ հետքերն իսկ ջնջեն...
Վար նայեցին՝ ոչ մի օգուտ,
Չի սուզվում Ջոնը, չէ՜...
Ոսկորները տվին պարող
Խարույկների բոցին,
Ջրաղացի ծանր քարով
Սիրտը տրորեցին:
Բայց արյունն է զվարթ եռում
Տակառների մեջ պինդ,
Փրփրում է գավաթներում,
Երգ է բերում ու խինդ:
Հանգուցյալը զուր չէր կյանքում
Եղել սրտոտ ու քաջ,
Քաջություն է նա բորբոքում
Սրտերի մեջ մարդկանց:
Նրանց հոգու վիշտն է այրում,
Տալիս հույս ու հավատ
Եվ սրտի մեջ որբայրու
Երգում է նա զվարթ:
Եվ թող երբե՛ք տակառներում
Չլինի չոր հատակ,
Ուր Գարու հատ Ջոնն է եռում,
Եռում խելառ ու տաք...
Վաղուց փնտրում էի համացանցում ու ահա կարդացի այս գողրտիկ բանաստեղծությունները, շաաաատ շնորհակալ եմ, Արե ջան
ОтветитьУдалитьես ևս շնորհակալ եմ հարգելի Արաքս
Удалить