Ռուս նշանավոր գրականագետ ու լրագրող Ֆեոդոր Ալեքսանդրի Էմինը ծնվել է 1735 թ.-ին, Լեհաստանում: Նրա կյանքի ու գործունեության մասին շատ քիչ բան է հայտնի թե` հայ ընթերցողին և թե` նրա հայրենակիցներին: Մինչև այժմ հակասական են կարծիքները նրա կենսագրության և ազգային պատկանելիության մասին: Նախնական կրթությունը ստացել է տանը, կամ ճիզվիտական դպրոցում: Կրոնական պատկանելիությունը` սկզբում եղել է կաթոլիկ,հետո ընդունել մահմեդականություն, ապա մկրտվել է ռուս ուղափառ եկեղեցում: Վարել է շատ անհանգիստ,արկածախնդիր կյանք ու գրեթե միշտ ճանապարհորդել է: Տիրապետել է 6-ից 9 լեզուների: Ժամանակի ընթացքում ձեռք է բերել հանրագիտական գիտելիքներ: Թուրքիայում ճանապարհորդելիս նրա հետ ինչ-որ խորհրդավոր դեպք է պատահում, որը նա բծախնդրորեն փորձել է թաքցնել ողջ կյանքում և որը հարկադրել է նրան ընդունել մուսուլմանություն և նույնիսկ որոշ ժամանակ ծառայել թուրքական ենիչերիների բանակում: