11-րդ դարի հայ պատմիչ, աստվածաբան։ Պատմիչի կյանքի տարիները որոշվում են միայն մոտավորապես։ Իր աշխատության 3-րդ գլխում նա ներկայացնում է իրեն որպես 1022 թ. դեպքերի ականատես։ Ծագումով, հավանաբար, Արծնի մերձակայքից է: Վկա է եղել սելջուկ թուրքերի վայրագություններին, Արծնի և Սմբատալեռան (Սմբատաբերդի) սոսկալի կոտորածներին, տեղահանվել է և հալածվել։ Արիստակես Լաստիվերցին խորացել է աստվածաբանության և ճարտասանության մեջ, տիրապետել է հունարենին, ուսումնասիրել Հայաստանի և Բյուզանդիայի պատմությունը։ Ամենայն հայոց կաթողիկոս Սարգիս Ա. Սևանցու հանձնարարությամբ գրել է «Պատմություն» երկը, որտեղ ներկայացնում է 1001- 1072 թթ. վերաբերող պատմական իրադարձությունները։ Պատմությունն ավարտվել է 1072 թ. հետո (հեղինակը հիշում է Արփ-Արսլան սուլթանի (1068-1072) մահը), բայց 1087 թ. առաջ՝ Ուռհան (որ սելջուկները գրավեցին 1087 թ.) նա անվանում է բյուզանդական քաղաք։