ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

29.10.2014

Գուննար Էկելյոֆ

Շվեդ մեծ բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ, սկանդինավյան մոդեռնիզմի ականավոր գործիչ Գուննար Էկելյոֆը ծնվել է 1907 թվականի սեպտեմբերի 15-ին Ստոկհոլմում: Գուննարը ինը տարեկան էր, երբ կաթվածահարությունից մահանում է հայրը, ով բավականին հարուստ ու ճանաչված մարդ էր: Մոտ հինգ տարի հետո մայրը ամուսնանում է ուրիշի հետ, ինչի հետ չի համակերպվում արդեն պատանի Էկելյոֆը: Դրանից հետո նրան միշտ հետապնդել է աշխարհից մերժված լինելու և միայնության զգացումը: Այս ամենը` ինչպես խոստովանում է տարիներ անց պոետը, նախապայման է հանդիսանում նրա հոգևոր կյանքի ձևավորման համար: Արդեն երիտասարդ տարիքում սկսում է հետաքրքրվել արևելյան մշակույթով ու թաքնագիտությամբ, որն ավելի է խորանում,երբ սկսում է ուսումնասիրել միջնադարյան միստիկ-բանաստեղծ, սուֆիստ Իբն ալ-Արաբիի ստեղծագործությունները:

Ոգեշնչված Ասիայով երիտասարդ Գուննարը իրեն նվիրում է արևելյան լեզուների ուսումնասիրությանը Լոնդոնում և ապա հունական Ուպսալայի համալսարանում, որը ծանր հիվանդության պատճառով կիսատ է թողնում:

Առողջանալուց հետո ուղևորվում է Փարիզ, մինչ այդ ստանալով հոր թողած ժառանգությունը, որտեղ սկսում է ուսումնասիրել երաժշտության տեսությունը: Այս ընթացքում նա իր համար բացահայտում է երաժշտության և պոեզիայի փոխկապակցվածությունը և ինչպես նշում է ինքը` գտնում է «բառի ալքիմիան»:

1930- ականներին մտերմանում է փարիզյան սյուրռեալիստական շրջանակի գրողների հետ, մասնավորապես` իր հայրենակցուհի Կարին Բոյեի հետ:

1932-ին լույս է տեսնում Էկելյոֆի առաջին «Ուշացածը Երկրի վրա» գրքույկը:

Հետագայում նա այս գիրքը վերանվանում է «Ինքնասպանություն»:

1932-ին սկսում է հրատարակել «Սպեկտր» ամսագիրը, որտեղ սկսում են հրատարակվել Կարին Բոյեի, Հարրի Մարտինսընի, Արթուր Լունդկվիստի, Էյվինդ Յունսընի ստեղծագործությունները, ինչպես նաև Էկելյոֆի թարգմանությունները Ռեմբոյից, Իբն ալ- Արաբիից և Ռոբեր Դեսնոսից:

Երկրորդ հավաքածուն հրատարակելիս («Ձոն» 1934թ.), նա արդեն բավական մեծ ճանաչում ուներ ի շնորհիվ իր թարգմանությունների, որոնք մեծ դեր են խաղում նաև Էկելյոֆի աշխարհայացքի և ստեղծագործությունների ձևավորման մեջ:

Ի սկզբանե նա չի ձգտել լինել էլիտար հեղինակ` մատչելի միայն նեղ շրջանակների համար:

«Արվեստը դա մարդկանց փորձն է ավելի լավ հասկանալու և ավելի հասկանալի լինելու: Հետևաբար` արվեստը գտնվում է այն մակարդակում, որտեղ նա հասնում է իր նպատակին, հիմնականում` սոցիալական, իսկ ժամանակակից արվեստը հատկապես, քանզի շոշափում է մարդկային անհատականության դժվար հասկանալի կողմերը, որոնք նախկինում երբեք այսքան խորը չեն ուսումնասիրվել: Առանց արվեստի անընդհատ թարմացման, առանց հանդիսատեսին ու ընթերցողին ուղղված անընդհատ աճող պահանջների մարդկանց միջև փոխընբռնումը կլիներ ավելի դժվար ու ավելի աշխարհիկ, իսկ իրական մերձեցումը ավելի ու ավելի հազվադեպ» - գրում է Էկելյոֆը:

Բանաստեղծն այստեղ չի ակնարկում, որ ժամանակակից ընթերցողը պիտի լինի գերզարգացած: Նա առաջարկում է ճիշտ հակառակը` դարձնել արվեստը առավել ժողովրդական, քանի որ արվեստը ոչ այլ ինչ է քան հոգևոր կապ և նա ցանկանում էր այդ կապը դարձնել ավելի պարզ ու շիտակ:

Պոեզիան Էկելյոֆի համար «միստիկա և երաժշտություն» է, որտեղ միստիկայի իմաստը «կյանքի խորը ընկալումն է, ամբողջ անշոշափելիի, փոփոխվողի և այն ամենի, ինչը իր ձևով կապված է մտքերի, զգացումների և կյանքի հետ…»:

Նրա բոլոր ստեղծագործությունները ծնունդ են առել հիմնականում հոգեկան ծանր լարվածության պահերին և ինքնասպանության եզրին:

Գուննար Էկելյոֆը մահացավ 1968 թվականի մարտի 16-ին Ստոկհոլմի մոտ գտնվող Սիգտուանա քաղաքում:

1989 թվականին ստեղծված «Գուննար Էկելյոֆ» միությունը մինչ օրս գրողի անունով պոեզիայի մրցանակներ է շնորհում աշխարհի ճանաչված գրողների:



Մահից հետո ութհատորյակի տեսքով լույս են տեսել Էկելյոֆի բոլոր ստեղծագործությունները շվեդերեն և անգլերեն լեզուներով (1991-1993թթ.)

Комментариев нет:

Отправить комментарий