ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

16.03.2013

Մխիթար Գոշ


Մխիթար Գոշը խոր հետք է թողել հայ գրավոր մշակույթի զարգացման վրա: Նրա առակներով հայ գեղարվեստական արձակը սկսում է հանդես գալ իբրև ինքնուրույն գրական տեսակ: Գոշը ապրել և գործել է մի ժամանակաշրջանում, երբ թե´ Կիլիկիայում և թե´ բուն Հայաստանում արդեն կազմավորվել էին հայկական պետություններ՝Ռուբինյանների և Զաքարյանների գլխավորությամբ: Մխիթար Գոշն իր մտավոր գործունեությանբ ջանում էր ծառայել ազգային պետականության ամրապնդմանը:
Մխիթար Գոշի մասին կենսագրական որոշ տեղեկություններ է հաղորդում XIII դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին: Գոշը ծնվել է XIIդ.. մոտ 20-ական թվականներին հայկական Գանձակ քաղաքում: Տեղում կրթություն ստանալուց հետո նա աշակերտել է Հովհաննես Տավուշեցի վարդապետին՝ նրանից ստանալով վարդապետական աստիճան: Այնուհետև Մ. Գոշը գնացել է Կիլիկիա։ Թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը, ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։
Վերադառնալով Արևելյան Հայաստան՝ Գոշը որոշ ժամանակ մնում է Խաչենում, ապա հաստատվում է Կայենո գավառի Գետիկ վանքում, հիմնում դպրոց, գբաղվում կրթական գործունեությանբ: Երբ երկրաշարժից ավերվում են Գետիկն ու մերձակա գյուղերը, Մխիթարը միաբանությանն ու գյուղացիներին հորդորում է չհեռանալ ուրիշ վայրեր: Նա Զաքարյան իշխանների օգնությամբ հին Գետիկից ոչ շատ հեռու՝ մի գեղատեսիլ վայրում, կառուցում է Նոր Գետիկ վանքը, իսկ մոտակայքում` երկու գյուղ: վանքը հիմնադրի անունով անվանվում է նաև Գոշավանք: Մխիթար Գոշի գործունեությունը զուգադիպում է այն ժամանակներին, երբ հայ-վրաց ռազմական ուժերը Զաքարյան եղբայրների գլխավորությամբ տապալում են սելջուկ նվաճողների լուծը: Ազատագրվում են պատմական Հայաստանի հյուսիսային շրջանները, հաստատվում է Զաքարյան տոհմի իշխանությունը: Իր իմաստությամբ և մեծ հեղինակությամբ Մխիթար Գոշը ձեռք է բերում Հայաստանի կառավարիչ Զաքարե մեծ իշխանի համակրանքն ու վստահությունը, դառնում նրա խրատատու խորհրդականը: Մխիթար Գոշը վախճանվել է խոր ծերության հասակում՝ 1213 թ, և թաղվել Նոր Գետիկում:
Մ. Գոշի գրչին են պատկանում մատենագրության զանազան ճյուղերին վերաբերող մոտ մեկ տասնյակ աշխատություններ. «Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատականք», «Շարքհայրապետացն Աղուանից», աղոթքներ, առակներ։ Ուշագրավ են «Յայտարարութիւն»–ը, որ Զաքարեին և Իվանեին ուղղված գրություն է, որով հեղինակը հորդորել է նրանց մեղմելու հայ և վրաց եկեղեցիների տարբերությունների պատճառով եղած բամբասանքների ազդեցությունը այդ երկու ժողովածուների քաղ. համակեցության վրա, և «Շարք հայրապետացն Աղուանից»–ը, միակ աղբյուրը, որտեղ համառոտ շարադրված է Աղվանքի 11-12 դդ պատմությունը։
Բացառիկ արժեք են ներկայացնում Մխիթար Գոշի Դատաստանագիրքն ու առակների ժողովածուն։ Մ. Գոշը հասարակական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները Դատաստանագրքում փորձել է կարգավորել օրենսդրական միջոցներով։
Դեռևս միջնադարում Դատաստանագիրքը թարգմանվել է լատիներեն, լեհերեն և վրացերեն լեզուներով, կիրառվել է հայ գաղթօջախներում։
Մ. Գոշը իր ժողովածուն կազմել է ուսուցողական նպատակներով։ Նրա համար առակը հրապարակախոսության միջոց է՝ դրվատելու առաքինությունները, ծաղրելու պակասությունները, հիմարությունն ու տգիտությունը, խարազելու չարիքը։ Ժողովածուն ունի կուռ կառուցվածք. պարունակում է 190 առակ, որոնք երեք գլխավոր բաժիններում դասավորված են որոշակի կարգով, ըստ գործող անձանց կամ նյութի՝ երկնային մարմիններ ու երկիր, տնկիներ ու ծառեր, բույսեր ու ծաղիկներ, մրգեր, լեռ, գետ, աղբյուր, ջրային ու ցամաքային կենդանիներ, թռչուններ, մարդիկ։ Բարոյականք կոչված առակների նյութը բույսերի և կենդանիների հատկություններն են, բարքը, որ հեղինակը դնում է իբրև առակի պատմողական մաս և դրանից հանում բարոյախոսական եզրակացություն։ Այդ պատճառով էլ այս խմբի առակները մեծ մասամբ սակավ գործողությամբ այլաբանական համեմատություննեև են։ Գործողությունն ուժեղ է առասպելական և ստեղծական կոչված առակներում, որոնց նյութը քաղված է կենդանիների ու մարդկանց կյանքից։ Բոլոր դեպքերում պատմվածքի մասը ծավալուն չէ։ Առասպելական, մասամբ և ստեղծական առակներում Մ. Գոշը վերցնում է այնպիսի գործող անձինք, որոնց սոսկ անունները պատրաստի հասկացություններ են. աղվես՝ խորամանկություն, նապաստակ՝ վախկոտություն, արջ՝ միամտություն–հիմարություն ևն։ Նրա առակների ժողովածուն առաջին արձակ ստեղծագործությունն է հայ գրականության մեջ, որ գրված է իբրև գրական–գեղարվեստական երկ։ Այս իմաստով Մ. Գոշը գեղարվեստական արձակի հիմնադիրն է հայ գրականության մեջ։
Մխիթար Գոշի Դատաստանագիրքը հայոց և միջազգային իրավունքի պատմության մեջ մեծ իրադարձություն է եղել: Այն պարունակել է այնպիսի դրույթներ, որոնք տեղ են գտել այժմյան բազմաթիվ իրավական ակտերում: Գոշը այնպիսի գաղափարների հեղինակ է, որոնք բխել են անմիջականորեն մարդու բնական իրավունքներից: Դատաստանագիրքը պարունակել է քրեական, քաղաքացիական և այլ կարևոր հարաբերություններ կարգավորող դրույթներ:

Առակներ`

ԴԵՂՁԸ ԵՎ ՍԵՐԿԵՎԻԼԸ

Ատյանում մեկ անգամ դեղձը հանգիմանել սկսեց սերկևիլին, ասելով։
— Տեսքով դեղին ես ու մարդկանց համար դժվարուտելի։ Իսկ ես բարետես եմ ու դյուրաճաշակ։
Եվ նա ասում է.
— Կեղծավոր ես ամենևին և մարդկանց խաբող, ճաշակելիս քաղցր ես երևում, բայց մտնելով որովայն, շատ վնասներ ես գործում։ Իսկ ես դեղին եմ, քանի որ տեսակցության գնալով և հիվանդությունը վերացնելով, ցավակից եմ դառնում հիվանդներին, և ոչ թե քեզ պես մերժված եմ նրանցից։
Պարզ է միտքը առակիս, կեղծավորները միշտ ճշմարիտներին հանդիմանում են իբրև վարքով կոպիտների, և ներկայացնում իրենց քաղցրաբարո և վշտակից։ Սակայն ճշմարիտ խոսքերը մարդկանց դեղ են, թեև առաջին հայացքից հակառակ են երևում և ցավակցելով նրանց՝ վերացնում են հիվանդությունները:

ԱՆՄԻՏ ՄԱՐԴՆ ՈԻ ՀՈԻՆԱՊԻ ԾԱՌԸ

Մի անմիտ մարդ հունապի ծառը դժնիկ կարծելով հատեց արմատից։ Ծառը զայրանալով ասաց.
— Ո՛վ անագորույն, ծառը պտղից պետք է ճանաչել և ոչ թե տեսքից։
Առակս վերաբերում է անմիտ դատողներին` թագավորներին, իշխաններին, դատավորներին և եկեղեցու առաջնորդներին, հանդիմանելով, որ անվարժ են դատում, որով և բազում վնաս են գործում, բարուն իբրև չարի խոշտանգելով։

Комментариев нет:

Отправить комментарий