ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

24.08.2014

Սմբատ Սպարապետ (Գունդստաբլ)

Սմբատ Սպարապետը (1208-1276 թթ.)՝ 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի ամենափառաբանված գունդստաբլն է՝ պատմիչ, իրավագետ և բանաստեղծ։ Սմբատ Սպարապետը Կոստանդին պայլի ավագ որդին է, Հեթում Ա (1226-1270թթ.) արքայի ավագ եղբայրը։ Պատմական ասպարեզ է ելել Լևոն Բ արքայի (1187-1219 թթ.) կառավարման վերջին շրջանում, իսկ եղբոր՝ Հեթում Ա-ի գահ բարձրանալուց հետո ստանձնել է սպարապետի պաշտոնը՝ վարելով այն կես դար շարունակ։ Սմբատ Սպարապետի նախնիները Կիլիկիա են տեղափոխվել 11-րդ դարում Մեծ Հայքից, հաստատվել Լամբրոնում, ապա իրենց իշխանությունը տարածել Կիլիկիայի որոշ բերդերի վրա՝ հիմք դնելով Հեթումյանների իշխանությունը։Բազում հաղթական մարտեր է վարել՝ առաջնորդելով հայոց բանակը (Ռումի սուլթանության զորքերի դեմ՝ 1246 թ. Տարսոն քաղաքի մոտ, 1259 թ. Առակլի քաղաքի մոտ)։ Սմբատ Սպարապետի վարած մարտերից վերջինը տեղի է ունենում 1276 թ., երբ Եգիպտոսի սուլթանության զորքերը կրկին ներխուժում են Կիլիկիա, վճռական ճակատամարտ է տեղի ունենում Մարաշի շրջանի Ջահան հովտի Սարվանդիքարի մոտակայքում։ Լարելով իր ուժերը՝ հայոց զորաբանակը Սմբատ Սպարապետի գլխավորությամբ այս մարտը ավարտվում է փայլուն հաղթանակով։ Սակայն այստեղ սպարապետը, վայր ընկնելով ձիուց, վնասվում է և, շուտով, կնքում իր մահկանացուն։



Սմբատ Սպարապետի գրական ժառանգությունը բազմատարր է։ Սմբատ Սպարապետը հեղինակել է իրավական, պատմական բնույթի երկեր, կատարել թարգմանություններ, գրել՝ պոեմներ և բանաստեղծություններ։

Սմբատ Սպարապետը 1265 թ. հեղինակել է «Դատաստանագիրք»  օրենքների ժողովածուն, որը արժեքավոր սկզբնաղբյուր է Կիլիկիայի հայկական պետության հասարակական-քաղաքական կարգերի ուսումնասիրության համար։ Այն բաղկացած 202 հոդվածներից, որոնցում լուսաբանվում են այդ պետության XIII դարի սոցիալ-իրավական հարաբերությունները։ «Դատաստանագրքում» արտացոլված են արքայի ու նրա վասալների, աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների, տերերի և ճորտերի իրավական հարաբերությունները, ինչպես նաև՝ օրենքներ առևտրականների և արհեստավորնների վերաբերյալ։

"Անտիոքի ասիզներ"-ը միջնադարյան իրավագիտական մտքի արժեքավոր հուշարձաններից է։ Սմբատ Սպարապետը Անտիոքի խաչակիր իշխանության օրենքների այս ժողովածուն թարգմանել է 1253 թ. առաջ։ "Անտիոքի ասիզներ"-ի ֆրանսերեն ինքնագիրը չի պահպանվել։ Հին ֆրանսերենից Սմբատի Սպարապետի թարգմանած "Անտիոքի ասիզներ"-ը պահպանվել են երկու խմբագրությամբ՝ "Անտիոքի ասիզներ"-ը առաջին անգամ հայերենից ֆրանսերեն է թարգմանել Ղ. Ալիշանը: "Անտիոքի ասիզներ"-ը բաղկացած է երկու մասից. առաջին մասը՝ 17, երկրորդ մասը՝ 21 հոդվածից, և բովանդակում է սենյորի և վասալի իրավական հարաբերությունները, ունեցվածքային, քրեական, ինչպես նաև ընտանեկան, ժառանգական և մի շարք այլ հոդվածներ:

Սմբատ Սպարապետին են վերագրում նաև Ռուբինյան թագավորության պատմության՝ "Տարեգրքի" հեղինակումը, որը երկար ժամանակ անհայտ էր և հայագիտության մեջ համարվում էր կորած։ 1848 թ. Մ. Ֆ. Բրոսեն Էջմիածնի վանքի գրադարանում հայտնաբերեց այդ ժամանակագրության երկու ձեռագիր օրինակեր, որոնց հիման վրա 1856 թ. լույս տեսավ "Տարեգրքի" առաջին հրատարակությունը՝ Ոսկան Հովհաննիսյանցի կողմից՝ "Սմբատայ Սպարապետի եղբօր Հեթմոյ առաջնոյ արքայի Հայոց Պատմութիւն Յունաց ի Կոստանդնուպօլիս և Հայոց Մեծաց ըստ կարգի ժամանակաց" խորագրով, ապա 1859 թ. Կարապետ վ. Շահնազարեանցի կողմից Փարիզում լույս տեսավ երկրորդ հրատարակությունը՝ "Տարեգիրք արարեալ Սմբատայ Սպարապետի հայոց որդւոյ Կոստանդեայ կոմսին Կոռիկոսոյ" վերնագրությամբ։ Քիչ ավելի ուշ (1876 թ.) հայտնաբերվեց ևս մեկ ձեռագիր օրինակ, այն հրատարակվեց 1956թ. Սերովբե Ագլյանի կողմից՝ անհրաժեշտ որոշ նշումներով։ Այս աշխատությունում արժեքավոր և հարուստ տեղեկություններ են հաղորդվում Կիլիկիայի հայկական պետության և հարևան երկրների հարաբերությունների, հայ-մոնղոլական զինակցության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Սմբատ Սպարապետի գրական ժառանգությունից մեզ են հասել նամակներ, որոնցից պատմական առումով առանձնապես կարևոր նյութեր է պարունակում 1247 թ. Սամարղանդից իր փեսա՝ Կիպրոսի արքա Հենրիխին գրած նամակը։ Սմբատ Սպարապետը այդ նամակում նկարագրում է այն ավերածությունները, որոնք կատարել էին մոնղոլները կենտրոնական Ասիայի խոշոր մահմեդական քաղաքներում և տեղեկություններ է հաղորդում կայսրությունում քրիստոնյա տարրի նշանակալից դերի մասին։ Սմբատ Սպարապետի գրչին են պատկանում նաև մի շարք պոեմներ, բանաստեղծություններ, որոնցից իր պատմական նշանակությամբ հատկապես առանձնանում է 1269 թ. գրված "Ի ճաշոց գիրս" պոեմը՝ նվիրված Մառի ճակատամարտին։


https://hy.wikipedia.org

Комментариев нет:

Отправить комментарий