ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

13.10.2012

Հայ գրողներ. Ֆրիկ


Ֆրիկը միջնադարյան հայ բանաստեղծության ամենատաղանդավոր և ինքնատիպ դեմքերից է։ Ֆրիկի կյանքի վերաբերյալ մեր ունեցած տեղեկությունները կցկտուր են ու հակասական։ Դրանք հիմնականում ցրված են բանաստեղծի տաղերի մեջ, մասամբ էլ՝ կողմնակի աղբյուրներում։ Հենվելով այդ տեղեկությունների վրա, Ֆրիկով զբաղվող բանասերները տարբեր ու, հաճախ, իրարամերժ եզրակացությունների են հանգել բանաստեղծի կենսագրության այս կամ այն փաստի (անունը, ծննդավայրը, ծննդյան և մահվան թվականները, ծնողները, ընտանեկան վիճակը, ստացած կրթությունը, սոցիալական դրությունը, աշխարհական կամ հոգևորական լինելը և այլն) առթիվ։
Պահպանված ինքնակենսագրական այդ անուղղակի տեղեկությունների հիման վրա պարզված է, որ Ֆրիկը ծնվել է թաթարական արշավանքների սկզբին, 1230-ական թվականներին, հավանաբար Արևելյան Հայաստանում: Մանկությունից սիրել է ուսումը, լավ ծանոթ է կրոնական գրականությանը, եղել է աշխարհական և հոգևոր կոչում չի ունեցել։
Ֆրիկը սկզբում եղել է հարուստ, սակայն հետագայում, մոնղոլական պետության ներսում գոյություն ունեցող հարկային, տնտեսական դժնի պայմանների, չարաշահումների, կաշառակերության և ապօրինությունների հետևանքով կորցնում է իր ունեցվածքը, ընկնում է ծանր պարտքերի տակ և նույնիսկ պարտքերի դիմաց իր որդուն գրավ է դնում։ Բանաստեղծություններից մեկի մեջ եղած ակնարկից երևում է, որ նա գերի է ընկել և գնվել է փրկանքով։ Մահացել է 14-րդ դարի առաջին քառորդում։ Բարեբախտաբար կենսագրության նման հակասական և կցկտուր չեն Ֆրիկի գրական ժառանգության վերաբերյալ եղած տեղեկությունները։ Միջնադարյան մի շարք ձեռագիր տաղարաններում պահպանվել են բանաստեղծի անունը կրող բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք հայտնաբերվել են բանասերների կողմից տարբեր ժամանակ և հրատարակվել զանազան պարբերականներում ու ժողովածուներում։
Ֆրիկի տաղերի մեծագույն մասը աշխարհի զանազան վայրերում գտնվող ձեռագրատուն-մատենադարաններում (էջմիածին, Երուսաղեմ, Կ. Պոլիս, Փարիզ, Վիեննա, Վենետիկ, Լոնդոն, Օքսֆորդ) պահպանվող հայերեն գրչագրերից անձամբ հայտնաբերել կամ ուրիշ բանասերների ձեռքով ընդօրինակել է տվել Տիրայր Արքեպիսկոպոսը և 1952 թ. Նյու-Յորքում լույս ընծայել բանաստեղծի տաղերի գիտական և համեմատական բնագիրը ընդարձակ ուսումնասիրություն-առաջաբանով, տաղերի այլընթերցվածներով, ծանոթագրություններով ու բառարանով։
Իրենց բնույթով Ֆրիկի տաղերը բաժանվում են երկու հիմնական խմբի՝ աշխարհիկ և կրոնական–խրատական։
Առաջին կարգի տաղերից են բանաստեղծի հռչակավոր «Գանգատ» («Բան ի Ֆրիկ գրքոյն»), ոչ պակաս նշանավոր «Ընդդէմ ֆալաքին», «Վասն թալեհի և բրջի», «Վասն Արղուն Ղանին և Բուղային» և մի քանի այլ տաղեր։
Ֆրիկի աշխարհիկ տաղերի հիմնական թեմաներից մեկը հայ ժողովրդի պատմական ճակատագիրն է, Հայաստանի քաղաքական վիճակը։ Իր լավագույն ստեղծագործություններում բանաստեղծը ճշմարտացիորեն պատկերել է քաղաքական այն ծանր պայմանները, որոնց մեջ գտնվել է իր հայրենիքը։ Մի շրջան էր դա, երբ մոնղոլա-թաթարական հորդաները հրով ու սրով գրավել էին Հայաստանը և այնտեղ հաստատել իրենց դաժան տիրապետությունը. նրանք մեկը մյուսի ետևից ավերել էին Հայաստանի վաճառաշահ, ծաղկուն քաղաքները` Անին, Կարսը, Դվինը, Կարինը, ոտնակոխ արել երկրի բերրի դաշտերը։ Իբրև իսկական քաղաքացի-բանաստեղծ, որի համար թանկ է իր հայրենիքի անկախությունը և հայրենակիցների կյանքն ու պատիվը, Ֆրիկը ցավով ու սրտի կսկիծով ողբում է նրանց ծանր վիճակը «անօրենների» ձեռքին.
Որքա՞ն քակեն եկեղեցի,
Քանի՞ շինեն պիղծ մզկիթնի.
Որքա՞ն տանջեն զմեզ յաշխարհի,
Եւ կեղեքեն զկեանս մեր յայտնի...


Ֆրիկի տաղերի մեջ արձագանք է գտել Հայաստանի ընչազուրկ բնակչության տնտեսական և իրավական անմխիթար վիճակը թաթար բռնապետների իշխանության տակ.

Հիմիկ դըժարեց բաներս,
Որ թաթարն եղաւ թագաւոր,
Զըրկեց զամենայն աշխարհս,
Ու գողերն եդիր մեծավոր։
Հայրենիքի քաղաքական վիճակի գեղարվեստական դրսևորմանը զուգընթաց, Ֆրիկն իր աշխարհիկ տաղերում կենդանի պատկերներով ներկայացրել է նաև իր ապրած ժամանակաշրջանում Հայաստանում գոյություն ունեցող հասարակական հարաբերությունները:
Մի ժամանակաշրջան էր դա, երբ մոնղոլ խաների ու տեղական ազնվականության շահագործմանն ու հարկահանաթյան ծանր լծին միանում էին վաշխառու առևտրականների անասելի կեղեքումները, երբ քայքայվում, հողազրկվում ու ընչազրկվում էր Հայաստանի բնակչությունը։ Հետզհետե խորացող դասակարգային շերտավորման հետևանքով երկրի հարստությունը աստիճանաբար սկսում էր կուտակվել փոքրամասնության ձեռքին, քաղաքները լցվում էին ընչազուրկ մարդկանց բազմություններով։ Ապրելով հասարակական վերոհիշյալ պայմաններում, անձամբ տուժած լինելով տիրող սոցիալական հակասություններից (ենթարկվելով ընչազրկման ու աղքատացման), Ֆրիկն առանձնապես սուր է զգացել մարդկանց գոյավիճակի մեջ եղած տարբերությունն ու խոր հակադրությունը.

Մէկին հազար ձի և ջորի,
Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի.
Մէկին հազար դեկան ոսկի,
Մէկին ոչ փող մի պըղնձի.
Մէկին բեհեզ և ծիրանի,
Մէկին բրդէ շալ մի չանկնի.
Մէկին հարամըն յաջողի,
Մէկին հալալն կորուսի.
Մէկն ի զըրկանացն հարստի,
Մէկն յիւրայնոցն աղքատասցի...

Բանաստեղծը տեսնում է, թե ինչպես այս անհավասարության հողի վրա մարդիկ բաժանվել են երկու դեմընթաց բանակների։ Մի կողմում բախտավորները կամ թալեհ ունեցողներն են, մյուս կողմում՝ անբախտները։ Մինչդեռ առաջիններն իրենց ունեցվածքի շնորհիվ մեծարվում են անարժանաբար, երկրորդները դատապարտված են անարդարացի անուշադրության ու արհամարհանքի.

Այն մարդն, որ թալեհ ունի,
Յոչումէ իսկի չէ զըրկած.
Զօրըն նա պարապ նըստի,
Ու բարիքն ի մոտն է կուտակած։
Այն մարդն, որ չունի թալեհ,
Ի յամէն տեղիք է նա ծեծած...

Նման խոսուն ու ճշմարտացի ընդհանրացումներ հասարակական կյանքի դասակարգային շերտավորման մասին քիչ կարելի է գտնել Ֆրիկի ապրած դարաշրջանի ոչ միայն հայ, այլև համաշխարհային գրականության մեջ։
Ֆրիկի մեծությունն այն է, որ նա շատ վաղ սկսել է մտածել աշխարհում գոյություն ունեցող անարդարություններն ու անհավասարություններն առաջացնող պատճառների մասին.
Մտօքս յայս բանիս վերայ
Շատ ատեն ի հոգս եմ անկած.
Ասեմ, թէ այս է՞ր լինի,
Որ զամէն հաւսար չէ զուգած։
Բանաստեղծը ոչ միայն մտածել, այլև ծառացել է բոլոր նրանց դեմ, ովքեր մեղավոր են այդ անարդարությունների ու անհավասարությունների համար։
Նա դժգոհ է Աստծուց՝ հայ ժողովրդին «անօրենների» պատճառած անլուր տառապանքների հանդեպ նրա ցուցաբերած հանդուրժողության, բնակչության վրա նրա կողմից կարգված դաժան իշխանավորների համար և երկմտում է նրա արդար և իրավ «դատավորի» համբավի նկատմամբ.
Որքա՞ն տանջեն զմեզ յաշխարհի
Եւ կեղեքեն զկեանս մեր յայտնի.
Եւ դու ներես յամենայնի,
Ւ' անտես առնես զմեզ վըշտի։
Իշխան դըրեր ես մէկ մէկի,
Քան զքանասար գայլ ոչխարի...
Եւ ա՞ յս էր բան քո հրամանի,
Արդար, իրաւ դատաւորի...
Ֆրիկը զայրագին կշտամբանք է շպրտում ճակատագրի դեմ նրա «մոլոր» վարքի համար.
էյ չարխ, ամ քեզ ի՞նչ ասեմ,
Քան զամէն ես խիստ դու մոլոր.
Ըզվատին տունըն կու ծեփես ոսկով դու բոլոր,
Զաղէկն ի յերկիր ի ներս վտարես որ ժողովէ կըտոր.
Զայն որ խոզարած վայել է, կու շինես ահեղ ձիաւոր.
Ու զուղորդ մարդկանց տունըն կու քակես առանց բահաւոր։
Բանաստեղծի համարձակությունն այնտեղ է հասնում, որ նա «ծուռ» է հայտարարում ճակատագիր-ֆալաքի ամբողջ արարքը, բացականչելով.
Ծուռ է զինչ որ դու կառնես
Ո՞վ լինի հաւան քեզ այդոր...
Քննադատելով տիրող քաղաքական-հասարակական կարգերը, Ֆրիկը, սակայն, ի վերջո զղջում է՝ Աստծուն իր ուղղած «նենգ ու ծուռ» խոսքերի համար, բայց նրա այդ քննադատությունն էլ մեծ համարձակություն էր իր ժամանակին։
Ֆրիկի կրոնական-խրատական տաղերից են նրա «Բան ոգեշահ», «Բան պիտանի», «Վասն հոգոյն», «Յիշէ զբան Աւետարանիս», «Վասն ողորմոլթեան», «Ի վերայ մեծատանն և աղքատ Ղազարին», «Այս է համասփիւռ ծաղիկն» և այլ տաղեր։ Վերջիններիս մեջ բանաստեղծը իր ժամանակի համար հատկանշական կրոնական հայեցակետով արծարծում է՝ հոգու և մարմնի հակամարտության, իրական և հանդերձյալ աշխարհների, երկնավոր և երկրավոր կյանքի, մահվան և ունայնության, մեղքի, քավության և կրոնական, խրատական-բարոյախոսական այլ խնդիրներ։ Նա գտնում է, որ մարդու հոգին գերադասելի է մարմնից, ուստի պետք է մտածել հոգու փրկության մասին, հանդերձյալ կյանքի մասին, չպետք է խաբվել անցավորին, անհրաժեշտ է ուրանալ այս կյանքը, պահքով, աղոթքով ու արտասուքով սպանել մարմինը, կենդանության ժամանակ աղքատներին օգնել, անհրաժեշտ է հետևել ավետարանական խրատներին, ձգտել արժանանալու աստվածային լույսին, մահով միանալու Աստծու հետ և այլն:
Իր կրոնական-խրատական տաղերով Ֆրիկը նման է ժամանակի և նախորդ շրջանի հոգևոր թեմաներով գրող բանաստեղծներին, սակայն չի նույնանում նրանց հետ։ Ֆրիկի այդ տաղերում անգամ հաճախակի հանդիպում են աշխարհիկ-քաղաքացիական մոտիվներ, հասարակական-բարոյական առողջ գաղափարներ։
Բանաստեղծը անողոք քննադատում, մերկացնում է «մեծատունների» անասնական ագահությունն ու եսամոլությունը.
Ի կեր ւ'ի խում ի հետ մեղաս,
Ի շուրջ կու գաս զօրն անդադար.
Զըրկես ու տաս մարմնոյդ ի կեր,
Գիրացընես որդանը համար...
բացահայտում է թագավորների ռազմատենչ-նվաճողական նկրտումները.
Թագաւորքըն չի հաշտին,
Հետ միմեանց ոխ կու պահեն,
Հանապազ զոր ժողովեն,
Ել զմիմեանս ի սուր քաշեն...
պարսավում է հոգևորականների անբարեպաշտությունն ու արծաթասիրությունը.
Վարդապետք արծաթասէրք,
Եւ յօրինաց խիստ ի զատ են...
Բարձով նստին ի ժամատանն,
Որում հրեշտակքըն կու սարսեն։
Կրոնական-խրատական տաղերում Ֆրիկը դրսևորում է իր խոր հումանիզմը դեպի մարդն ընդհանրապես և աշխատավոր, հարսատհարվող մարդը մասնավորաբար, սրտանց ցավելով վերջինիս կրած անլուր տառապանքների համար։
Ի տարբերություն տիրող կրոնական ըմբռնման, Ֆրիկը հաստատում է այն միտքը, որ աստվածային, հոգևոր սերը ոչ թե նախորդել, այլ հետնորդել է աշխարհային սիրուն.
Թէ չի կայր սէր յաշխարհս և կամ սէր եղեալ,
Արարիչն առ մարդիկ սէր ե՞րբ ցուցանէր:
Քիչ չեն կրոնական այն քերթվածները, որոնց մեջ օգտագործված են բնության ու շինականի աշխատանքային առօրյայից վերցված պատկերներ, համեմատություններ ու մակդիրներ.
Մինչ դեռ ամառն է պէտ արա,
Որ ի ձմեռն չանկանիս.
Ձիւնն ի վերայ լերանց իջաւ,
Յաջողութիւն դու քեզ չունիս.
Թէ կալ ու կաս առնես այսօր
Ձիւնն ի վերայ գայ դու մըսիս.
Երթայ արևն և դու մընաս,
Ի շինութիւն չը հասանիս։
Մինչդեռ եկեղեցական հեղինակներից շատերն իրենց գրվածքներում հաճախ բացասական վերաբերմունք են դրսևորել ժողովրդական բանահյուսության նկատմամբ, Ֆրիկը առաջիններից մեկն է հայ միջնադարյան գրողներից, որ գնահատել և իր տաղերի մեջ լայնորեն օգտագործել է այն։ Ժողովրդական բանահյուսության տարբեր տիպի ստեղծագործություններից բանաստեղծը բավական հաճախակի դիմել է առածների ու ասացվածքների օգնությանը, երբեմն բառացի, երբեմն էլ մասնակի ոճավորմամբ կամ փոփոխությամբ մեջ բերել դրանք իր տաղերում։
«Խելօքնուն ասած» այդ «մասալ»-ների կամ «խելօքնուն» այդ «խրատ»-ների միջոցով նա ավելի պատկերավոր, խոսուն է դարձրել իր շրջապատում տիրող սոցիալական անհավասարության ու անարդարության նկարագիրը, առավել ցայտուն, կենդանի՝ անձնական, հասարակական և բարոյական այլ և այլ խնդիրների նկատմամբ իր ունեցած վերաբերմունքը։
Ֆրիկի տաղերում առկա հիշյալ կարգի ժողովրդական առածների և ասացվածքների ցայտուն նմուշներից են հետևյալները.
Զոտքըդ քո չափով փըռես,
Եւ ապա լինիս շահաւոր...
Երկու տէրանց ե՞րբ կարենաս՝
Հանց ծառայել, զինչ պիտենայ...
Աղքատ իմաստուն լաւ է,
Քան հազար անգէտ գանձաւոր...
Ով անմեղաց հոր կու փորէ,
Ինքն անկանի ի մէջ գըբին...
Երբ զարթնի տղայն ու լայ,
Գէմ, ծըծցընէ իւր մայրն զնա...
Հետ անգետին մի՛ դատիր,
Թէ հազար օր զքեզ կու սիրէ...
Ժողովրդական բառ ու բանին ծանոթ մարդը կարդալով Ֆրիկի հռչակավոր «Գանգատի»
Մէկն ի պապանց պարոնորդի,
Մէկն ի հարանց մուրող լինի.
Մէկին հազար ձի և ջորի,
Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի.
Մէկին հազար դեկան ոսկի,
Մէկին ոչ փող մի պղնձի.
Մէկին հազար հատ մարգարտի,
Մէկին ոչ ուլնիկ մի ապիկի...
տողերը չի կարող չմտաբերել հայ ժողովրդի ստեղծած համանման մոտիվներ ունեցող հետևյալ առածները` «Որն ունի Նախչվան, որը չունի չարխի չվան» , «Որն ունի Շաքի-Շիրվան, որը չունի խեղդվելու չվան» , «Որուն կուտա բերդ ու դիվան, որուն չի տար չարուխին չվանն» , «Վուրին՝ ավար, վուրին՝ խավար» , «Որին կուտաս սելով փետ։, որին չես տա ցախ, Աստված» և այլն։
Ֆրիկը թողել է դրամատիկ սյուժե ունեցող ժողովրդական մի ավանդության չափածո մշակում ևս։ Դա նրա «Տաղ Ֆրկան ասացեալ ի վերայ եղբայրասպանին» գեղեցիկ և հուզիչ բանաստեղծությունն է։ Սրա մի տարբերակը կա ձեռագրերից մեկում և անվանված է «Առակ լաւ և պիտանի». այստեղ բանաստեղծը խրատում է մարդկանց հեռու մնալ ագահությունից՝ իբրև մեծ չարիքից: Ավանդության բովանդակությունը հետևյալն է։ Երկու ունևոր եղբայրներ են ապրելիս եղել Մսրում։ Մեծ եղբայրը որոշում է մորթել փոքրին, որպեսզի եղած ունեցվածքը մնա իրեն։ Պատի մեջ շարված աղյուսներից մեկր պատմում է իր գլխով անցածները և հորդորում է մեծ եղբորը հեռու մնալ եղբայրասպանությունից։ Պարզվում է, որ խոսող աղյուսը նախկինում եղել է մի մեծ պարոնի մարմինը, որը զանազան արկածների հանդիպելուց հետո դարձել է աղյուսի ատաղձ։ Ժողովրդական բանահյուսությունը միայն իր բովանդակությամբ (գաղափարներով, սյուժեներով) չէ, որ գրավել է Ֆրիկի ուշադրությունը։ Իբրև «ճարտար» բանաստեղծ նա չէր կարող չգնահատել նաև այդ բանահյուսության արվեստը՝ առած-ասացվածքների հարուստ նմանահնչունություններն ու ներքին հանգերը, ժողովրդական դարձվածքների հակիրճ ու պատկերավոր լեզուն, ժողովրդական երգերին հատուկ բանաստեղծական բազմազան ու ռիթմիկ ոտանավորը։
Ֆրիկին առանձնապես դուր է եկել հայրեն անուններով հայտնի միջնադարյան ժողովրդական երգերի ռիթմիկ-երաժշւոական չափը (7 և 8 վանկանի, նույնահանգ, կամ մեջընդմեջ նույնահանգ տողերով): Բանաստեղծի բազմաթիվ տաղեր գրված են հայրենների չափով ու հանգով։
Ֆրիկը հայ առաջին աշխարհիկ հեղինակներից է, որ գիտակցորեն գրել է ոչ միայն ժողովրդին հասկանալի ու հարազատ հարցերի մասին, այլև նրան մատչելի ձևով ուլեզվով.
Ֆրիկն հանցեղ պարզ է խօսել,
Որ ամենայն մարդ իմանա,
կարդում ենք նրա տաղերից մեկում։
Իր տաղերը ստեղծելիս բանաստեղծը մտածել է ոչ միայն այն մասին, որ դրանք հասկանալի լինեն բոլորին, այլև այն մասին, որ դրանք լինեն արվեստավոր, գեղեցիկ։ Եվ նրան ըստ ամենայնի հաջողվել է այդ:
Ֆրիկը գիտակցել է իր ստեղծագործությունների գեղարվեստական արժանիքները և ինքնատիպ մտքի ծնունդ լինելը.
Տէր կենդանի է և օրհնեալ,
Որ չէ այլոց բանքս ասացած.
Զինչ ըզծաղիկ եմ ժողովել,
Քան զմարգարիտ պայծառ շարած։
Ֆրիկի ինչպես աշխարհիկ, այնպես էլ կրոնա-բարոյախոսական բնույթի տաղերը հարուստ են բազմաթիվ ինքնատիպ ու գունեղ պատկեր-համեմատություններով։ Ահա մի քանի նմուշ դրանցից.
Յահէն ահեղ դատաստանի՝
Քան սևացեալ ամպ կու ցօղամ։
Զինչ արևու շողն ի ջրին՝
Ի մէջ հոգոյս կու թռվըռա։
Յաւել թէ գինի խմեմ,
Նայ ծփամ զինչ նաւն ի յալուն:
Անգէտն է ի հուր նման,
Ուր ընկնի զտեղն կու էրէ.
Գիտուն է ի ջուր նման,
Ուր երթայ` կանաչ բուսէր է... և այլն։
Ֆրիկի տաղերն աչքի են ընկնում նաև իրենց տաղաչափական ձևերի ու հանգերի բազմազանությամբ։ Հակառակ հոգևոր բանաստեղծների օգտագործած բանաստեղծական ծանր չափերի, միօրինակ հանգերի, նա գործ է ածում ռիթմիկ, երաժշտական հանգեր, բանաստեղծական տարբեր ձևեր ու տեսակներ, որոնք հաջողությամբ դրսևորում են նրա լավագույն տաղերի հարուստ, հետաքրքիր բովանդակությունը։
Բանաստեղծի մի կարևոր առանձնահատկությունը նրա ինքնաբուխ անմիջականությունն է։ Նրա լեզուն, ինչպես ինքն է խոստովանել, պտուղ է տվել միայն այն ժամանակ, երբ ծաղկել են հեղինակի միտքն ու հոգին.
Երբ կու ծաղկի միտքս ու հոգիս,
Լեզուս իմ հանց պըտուղ կու տա։



litopedia.org

Комментариев нет:

Отправить комментарий