ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

29.12.2013

Արիստակես Լաստիվերցի

11-րդ դարի հայ պատմիչ, աստվածաբան։ Պատմիչի կյանքի տարիները որոշվում են միայն մոտավորապես։ Իր աշխատության 3-րդ գլխում նա ներկայացնում է իրեն որպես 1022 թ. դեպքերի ականատես։ Ծագումով, հավանաբար, Արծնի մերձակայքից է: Վկա է եղել սելջուկ թուրքերի վայրագություններին, Արծնի և Սմբատալեռան (Սմբատաբերդի) սոսկալի կոտորածներին, տեղահանվել է և հալածվել։ Արիստակես Լաստիվերցին խորացել է աստվածաբանության և ճարտասանության մեջ, տիրապետել է հունարենին, ուսումնասիրել Հայաստանի և Բյուզանդիայի պատմությունը։ Ամենայն հայոց կաթողիկոս Սարգիս Ա. Սևանցու հանձնարարությամբ գրել է «Պատմություն» երկը, որտեղ ներկայացնում է 1001- 1072 թթ. վերաբերող պատմական իրադարձությունները։  Պատմությունն ավարտվել է 1072 թ. հետո (հեղինակը հիշում է Արփ-Արսլան սուլթանի (1068-1072) մահը), բայց 1087 թ. առաջ՝ Ուռհան (որ սելջուկները գրավեցին 1087 թ.) նա անվանում է բյուզանդական քաղաք։
Երբ 1136 թ. Մատթեոս Ուռհայեցին ավարտում է իր «Ժամանակագրությունը», Լաստիվերցին արդեն վախճանված էր։։ Հուզիչ է սելջուկների կողմից 1064 թ.-ի Անիի գրավման նկարագրությունը։ Լաստիվերցին անդրադառնում է նաև Հայաստանի անկախության և մասնավորապես՝ Անիի թագավորության վերացմանն ուղղված Բյուզանդիայի նենգ քաղաքականությանը, գովերգում է Բագրատունի վերջին արքաներ՝ Գագիկ Ա-ին, Աշոտ Դ.-ին, Գագիկ Բ-ին, զորավար Վահրամ Պահլավունուն և ուրիշներին։ Արժեքավոր տվյալներ է հաղորդում Թոնդրակյան շարժման մասին: Սելջուկներին նվիրված գլուխներն ունեն ճանաչողական մեծ արժեք։ Հեղինակը կարևոր տվյալներ է հաղորդում սելջուկների երթուղիների, մարտավարության, ռազմական տեխնիկայի մասին։ Նրա շարադրանքից պարզվում է, որ սկզբնապես թուրքերը ձգւոում էին միայն ավարի և փորձ չէին անում հաստատել իրենց քաղաքական վարչությունը։ Նկարագրելով քաղաքների պաշարումը, նա միաժամանակ արժեքավոր տեղեկություններ է հայտնում Անիի, Արծնի, Կարինի՝ ժամանակի խոշոր առևտրա-արհեստագործական կենտրոնների ներքին կյանքի մասին։
Թուրքական արշավանքը Արիստակեսը ընկալում է որպես խոշորագայն աղետ։ Հեղինակը անհուն ատելություն է տածում դեպի զավթիչները: Սելջուկները սպանողներ են, ավերիչներ, բռնակալներ ու սրբապիղծներ։ Եվ եթե Արիստակեսը երբեմն խոսում է այս կամ այն թուրք զորավարի դրական գծերի մասին, ապա նա այդ անում է ձգտելով միայն բացառությամբ շեշտել օրինաչափությունը։ Ջարդի նկարագրությունները հետևում են մեկը մյուսին։ Սարսափը կուտակվում է և 25-րդ գլխում պատկերվում է գագաթնակետը բյուզանդական զորքերի պարտությանը Մանազկերտի ճակատամարտում։ Լինելով ժամանակակից և ականատես, Լաստիվերցին ակամայից հիմնական ուշադրությունը պիտի դարձներ թուրքական ջոկատների վայրագությունների աղետալի հետևանքների վրա, վերանալով այդ բարդ երևույթի՝ սելջուկյան արշավանքի մյուս կողմերից:

Լաստիվերցու գլխավոր աշխատությունն է 1072–79-ին գրած «Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերտցւոյ վարդապետի…» երկը։ Բաղկացած է չափածո նախերգանքից, 25 գլխից և հեղինակի հիշատակարանից։ Արիստակես Լաստիվերցին իր նկարագրած դեպքերի մեծ մասի ժամանակակիցն է և ականատեսը։ Ողբալով սելջուկ թուրքերի պատճառած աղետները և նվաճված Հայաստանի վիճակը` պատմական դեպքերին վկայաբանական բնույթ չի տվել, ներխուժումները չի դիտել իբրև կրոնական տարբերության հետևանք, այլ համարել զավթողական պատերազմ, որի դեմ պետք է պայքարել։ Բուն շարադրանքն ընդգրկում է 1000–45-ի հայ-բյուզանդական հարաբերությունները, սելջուկյան արշավանքները 1047–1048-ից մինչև Անիի գրավումը (1064) և Մանազկերտի ճակատամարտը (1071)։
Մանրամասն նկարագրել է Տայքը նվաճելու Բյուզանդիայի փորձերը (1000–22), բանակցությունները հայ և վրաց իշխանների հետ, Անիի թագավորության անկումը (1045) ևն։ Բյուզանդիայի պատմությանը վերաբերող գլուխները լիովին համընկնում են բյուզանդական պատմիչների, ինչպես նաև արաբ և պարսիկ մատենագիրների տեղեկություններին` երբեմն նաև լրացնելով նրանց։
Պատմությունը արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Xդ. և XI դ. 1-ին կեսի Հայոց կաթողիկոսների (Պետրոս Ա Գետադարձ, Խաչիկ Բ Անեցի, Սարգիս Ա Սևանցի), աստվածաբան վարդապետների և մատենագիրների (Սարգիս, Տիրանուն, Ենովք, Ստեփանոս Տարոնեցի, Սամվել Կամրջաձորեցի, Հովհաննես Կոզեռն) մասին։ Կարևոր են տեղեկությունները կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի քաղաքական գործունեության մասին (1022-ի Տրապիզոնի բանակցությունները, նրա դիրքորոշումը 1045-ի Բյուզանդիայի քաղաքականության հանդեպ և հայրենադավ դերը Անին կայսրությանը հանձնելու գործում)։ Թոնդրակյան շարժմանը նվիրված 22-րդ և 23-րդ գլուխներն ունեն աղբյուրագիտական բացառիկ արժեք, որովհետև Արիստակես Լաստիվերցու տեղեկություններն այլ աղբյուրներում չեն հանդիպում։ Ի շարս այլ հոգևորականների` նա այն կարծիքին էր, որ Թոնդրակյան շարժումը կործանման է հասցրել Բագրատունյաց թագավորությունը։ Թոնդրակյան առաջնորդներից Արիստակես Լաստիվերցին ներկայացրել է Հարք գավառի եպիսկոպոս Հակոբի և Մանանաղիի Կունծիկ աբեղայի գործունեությունը, Հակոբին անվանել է «հայր ամենայն չարյաց», նրա ուսմունքը` մծղնեություն։ Ըստ նրա` Հակոբ Հարքացին իր ճառերով ձգտել է «տապալել սուրբ եկեղեցին»: Շարժման կենտրոն Հարքի Թոնդրակ գյուղը Ա. Լ. անվանել է «սատանայի բնակարան»: Պատմությունը XI դ. կարևորագույն սկզբնաղբյուր է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների համար։ Այն միաժամանակ հայրենասիրական ողբ է, որտեղ հեղինակը նկարագրում է XI դ. աղետները։ Պատկերավոր և ազդու ոճի շնորհիվ Արիստակես Լաստիվերցու երկը հայ միջնադարյան գեղարվեստական արձակի խոշորագույն գործերից է։ Լաստիվերցու աշխատությունը կարևորագույն սկզբնաղբյուր է XI դարի պատմությունը ուսումնասիրելու համար։ Փաստորեն դա մեզ հասած միակ ժամանակակից աղբյուրն է։ Որոշ տեղեկություններ եզակի են։ Ինչ խոսք, որ Պատմության մեջ եղած տվյալները պիտի քննադատորեն օգտագործվեն, բայց ընդհանուր առմամբ Արիստակես Լաստիվերցին արժանահավատ ու լավատեղյակ հեղինակ է։
Ասում են իբրև պատմիչ Արիստակեսը զիջում է հայ խոշորագույն պատմագիրներին։ Բայց պատմագիտական հատկությունների պակասը նա լրացնում է իր անմիջականությամբ, որը նրա գրչին տալիս է յուրահատուկ երանգավորում։
Լաստիվերցու երկն առաջին անգամ հրատարակվել է 1844 թ. Վենետիկում, 1864 թ. Փարիզում լույս է տեսել «Պատմության» ֆրանսերեն, իսկ 1968թ.Մոսկվայում՝ռուսերեն թարգմանությունը։ [2] Պատմությունը թարգմանվել է նաև վրացերեն, վերածվել աշխարհաբարի։ Աշխատության ձեռագրերը պահվում են Երևանում, Վենետիկում, Վիեննայում, Երուսաղեմում և այլուր։



նկարը`armeniabooks.am-կայքից,
որոշ տեղեկություններ` hy.wikipedia.org կայքից...

Комментариев нет:

Отправить комментарий