ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՒՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ...

17.08.2013

Հայոց տարեգիրներից` Մատթեոս Ուռհայեցի

Մատթեոս Ուռհայեցին հայ միջնադարյան տարեգիրների փայլուն դեմքերից է։ Ծնվել է 11-րդ դարի երկրորդ կեսին Ուռհա (Եդեսիա) քաղաքում, ուր և վախճանվել է 1138-1144 թթ. միջև, տարեց հասակում։ Նա ապրել և ստեղծագործել է դեպքերով ու դեմքերով հարուստ, պետությունների և ժողովուրդների կյանքում ճակատագրական նշանակություն ունեցած իրադարձությունների ժամանակաշրջանում։
Մատթեոս Ուռհա֊յեցու մասին մենք շատ քիչ բան գիտենք, այն էլ մի քանի ինքնակենսագրական տողերից, որ հանդիպում են նրա երկում։ Կարծիք է հայտնվել, որ նա կարող է զոհված լինել Հալեպի Զանգի ամիրայի կողմից 1144 թ. Ուռհայի գրավման ժամանակ։
Մատթեոս Ուռհայեցին վանական էր, աշխատությունը հիմնականում գրել է Ուռհա քաղաքում, կյանքի վերջին տարիներին եղել է նաև Քեսունում։ Իր երկասիրությունը, որ նա անվանում է «Ժամանակագրություն», սկսվում է 952 թ. և ավարտվում 1136-1137 թթ. դեպքերի նկարագրությամբ, բաժանվելով երեք մասի։ Առաջին մասն ընգրկում է 952-1051 թթ.
դեպքերը, այսինքն՝ մեկ հարյուրամյակի պատմություն, երկրորդ մասը 1051-1101 թթ. հիսուն տարվա պատմություն, իսկ երրորդը հասցնում է մինչև 1136-1137 թվականները։
«Ժամանակագրությունը» Ուռհայեցին սկսել է գրել 1113 թ., ընդ որում առաջին մասի հարյուրամյա շրջանի պատմությունը շարադրել է ութ տարվա ընթացքում, ավարտելով այն 1121 թվականին։ Այնուհետև նա սկսել է շարադրել երկրորդ մասը, որն ավարտել է 1128 թ.։ Երկրորդ մասի շարադրանքն ավարտելուց հետո Ուռհայեցին տասը տարի ընդմիջում է տվել, ապա շարունակել է գրել 1138 թ. և մտադիր է եղել շարադրել երեսուն տարվա պատմություն՝ 1101-ից մինչև 1130 թ., բայց, ինչպես տեսնում ենք, հասցրել է մինչև 1136 — 1137 թթ.։
 «Ժամանակագրությունն» սկսվում է երկրում տարածված սովի նկարագրությամբ։ Եթե նկատի ունենանք երկրորդ և երրորդ մասերի սկզբում Ուռհայեցու թողած ներածական էջերը, ապա սպասելի էր, որ առաջին մասն էլ պետք է նման ներածություն ունենար: Բայց, դժբախտաբար, այն չի պահպանվել, գուցե և Ուռհայեցին ցանկացել է ամբողջ երկի ներածությունը վերջում գրել, բայց չի հասցրել։
Ի տարբերություն շատ այլ ժամանակագիրների (ոչ միայն հայ, այլև օտար) Ուռհայեցին իր պատմական երկը չի սկսում աշխարհի արարչագործությունից կամ թեկուզ ավելի մոտիկ, բայց հեղինակի ապրած ժամանակից բազում դարերով բաժանված դեպքերի նկարագրությամբ, նա շարադրում է երկու հարյուրամյակից էլ պակաս մի ժամանակահատվածի տարեգրությունը, որն իր սկըզբունքներով ու շարադրման ձևով շատ է նման բյուզանդական լավագույն ժամանակագիրներից մեկի՝ Թեոփանես Խոստովանողիերկին։ Ուռհայեցու առջև լուրջ դժվարություններ էին կանգնած։ Հայ միջնադարյան պատմիչների մեծամասնությունը գրել է զուտ հայոց պատմություն, անգամ ընդամենը մի նահանգի պատմություն, Ուռհայեցին, ապրելով հայ ժողովրդի համար արտակարգ բարդ մի ժամանակաշրջանում, չէր կարող նյութի այդպիսի ընդգրկմամբ բավարարվել։ Նա ստիպված էր գրել ոչ միայն հայոց, այլև հայերի՝ հարևան ժողովուրդների հետ ունեցած փոխհարաբերությունների պատմությունը, ավելին, այն օտար ժողովուրդների պատմությունը, որոնց հետ հայերը, ճակատագրի բերմամբ, ստիպված էին շփման մեջ մտնել։ Վրաստան և Աղվանք, արաբական խալիֆայություն, Բյուզանդիա, Բուլղարիա, Եգիպտոսի Ֆաթիմյաններ, սելջուկ թուրքեր և թուրքական իշխանություններ, խաչակիրներ և խաչակրաց իշխանություններ, ահա ոչ լրիվ ցուցակը այն երկրների, թագավորությունների ու իշխանությունների, որոնց պատմությանը նա այս կամ այն չավով պետք է անդրադառնար։
Առաջին մասի մեկդարյա պատմությունը նա շարադրել է «շատ առաջ ծնված ականատես և ականջալուր եղած մարդկանց (ասածի) հիման վրա և հին պատմագիրների (գործերն) ընթերցելով, պատմագիրներ, ովքեր ականատես էին եղել բոլոր անցքերին»։ Դժբախտաբար, նա չի տալիս իր օգտագործած պատմագիրների անունները: Տվյալ ժամանակաշրջանի մեզ հայտնի պատմագիրներից (Շապուհ Բագրատունի, Հովհաննես Դրասխանակերտցի, Ստեփանոս Տարոնեցի, Արիստակես Լաստիվերցի) և ոչ մեկի գործը նա չի օգտագործել, պիտի ենթադրել, որ նրա ձեռքի տակ եղած աղբյուրները պարզապես չեն պահպանվել։ Մաշտոցյան մատենադարանի ձեռագրերից մեկում գտնվում են հատվածներ մի պատմական երկից, որոնք քաղված են «Ի ժամանակագրութենէ Յակոբայ քահանայի»։ Այս հեղինակընույնացվում է անվանի գիտնական Հակոբ վարդապետ Սանահնեցու հետ։ Նրա «Ժամանակագրությունից» պահպանված այդ հատվածները հանդես են բերում Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրության» համապատասխան տեղերի հետ փաստական նյութի, շարադրման ոճի, ձևի և կառուցվածքի ակնառու նմանություններ ու կրկնություններ, որից կարելի Է հանգել այն եզրակացության, որ Մատթեոս Ուռհայեցին իր պատմական երկը շարադրելիս օգտվել է Հակոբ Սանահնեցու «Ժամանակագրությունից»։
Ինչ խոսք, Ուռհայեցին օգտված պիտի լինի նաև բյուզանդական աղբյուրներից անմիջականորեն, բայց կոնկրետ ինչ աղբյուրներից, առայժմ դժվար է ասել։
Երկրորդ և երրորդ մասերում նկարագրված դեպքերի ժամանակակիցն է Ուռհայեցին, և արդեն հանդես է գալիս որպես ականատես ու ականջալուր հեղինակ։ Նա իր քաղաքի, գավառի և մերձակա շրջաններում կատարված դեպքերին լավ տեղյակ է, այդ իմաստով նրա «Ժամանակագրության» այդ էջերը մեծ արժեք ունեն և բարձր են գնահատված ուսումնասիրողների կողմից։ Այստեղ ևս նա, իհարկե, ունեցել է գրավոր աղբյուրներ, որոնք նույնպես չի հիշատակում։ Բացի գրավոր աղբյուրներից, Ուռհայեցին հնարավորություն ուներ խաչակիրների մասին տեղեկություններ քաղել առաջին ձեռքից, հենց կենդանի մարդկանցից, քանի որ հայրենի քաղաքում էր, որ 1098 թ. հիմնադրվեց ֆրանկական առաջին իշխանությունն Արևելքում։
Ուռհայեցու երկը ժամանակագրություն է, ժամանակագրական հաջորդականությամբ շարադրված պատմություն։ Բայց նա դեպքերի ու դեմքերի սոսկ արձանագրող չէ, այլ ուսումնասիրող, նա իր ուրույն մոտեցումն ունի, գիտե գնահատել այս կամ այն անձնավորության բարի գործերը։ Նա անհաշտ է այն ամենի նկատմամբ, որ վնաս է հասցնում իր ժողովրդին, իր հայրենիքին։ Այդպիսին է նրա վերաբերմունքը հույների նկատմամբ նախ և առաջ այն բանի համար, որ նրանք վերացրին հայոց պետականությունը, պատճառ դարձան թուրք ասպատակողների ստրկական լուծը կրելուն։ Չի կարելի չհամաձայնել այն գնահատականին, որ տվել է Ուռհայեցին բյուզանդական ավերիչ քաղաքականությանը Հայաստանում։ Հույները, գրում է նա, «հայոց երկրից հեռացրին քաջ զինվորականներին, նրանց կտրեցին իրենց տնից ու գավառից և կործանեցին հայոց թագավորությունը, նրանք քանդեցին երկրի պարիսպը, որ զինվորներն ու զորավարներն էին կազմում։ Անվերադարձ փախուստը դարձավ հոռոմների քաջության և պարծենալու արտահայտությունը։ Նրանք նմանվեցին այն վատ հովիվներին, որոնք գայլ տեսնելիս փախչում են։ Հոռոմներին մի բան հաջողվեց, այն, որ նրանք հայոց երկրի ամուր պարիսպը քանդելով, կործանեցին, և պարսիկներին (այսինքն թուրքերին) զենքով (երկրի) վրա բաց թողեցին, և դա իրենց համար հաղթանակ համարեցին, իրենք էլ անամոթաբար ճգնում էին ձվատ զորավարներով և ներքինի զինվորներով Հայաստանը պահել, մինչև որ պարսիկները ամբողջ Արևելքը անտերունչ գտան»։
Պետականության վերացման նման պայմաններում Մատթեոս Ուռհայեցին մեծ հույսեր էր կապում հայկական առանձին իշխանությունների հետ, իշխանություններ, որ սելջուկներից և բյուզանդացիներից հեռու հիմնում էին հայ փախստականները և զենքի ուժով պաշտպանում իրենց։
Ուռհայեցին խոր ատելությամբ է լցված հայկական նման իշխանությունների դեմ ոտնձգություններ կատարող ֆրանկների նկատմամբ։ Կոմս Բալդուինը, գրում է պատմիչը, «թուրքից, շատ փորձանք պատճառեց քրիստոնյաներին... նա մեկ առ մեկ ոչնչացրեց հայոց բոլոր իշխանությունները, ավելի հետևողականորեն, քան պարսիկները (այսինքն թուրքերը), հալածական դարձրեց հայոց այն իշխաններին, որոնք կարողացել էին իրենց գոյությունը պահպանել թուրքերի կատաղած ազգի ձեռքից»։ «Ես կուզենայի գրի առնել նրանց բովանդակ անօրինությունները,- գրում է Ուռհայեցին խաչակիրների մասին,- բայց չհամարձակվեցի, քանզի գտնվում էինք նրանց իշխանության ներքո»։
Մատթեոս Ուռհայեցին թեև ապրում և ստեղծագործում էր հայ ժողովրդի պատմության ամենածանր մի ժամանակաշրջանում, հայոց պետականության ոչնչացման, հարազատ ժողովրդի օտար տիրակալների ծանր լծի տակ ընկնելու ժամանակաշրջանում, այնուամենայնիվ, հուսահատված չէր, նա զարմանալի կերպով լցված է լավատեսությամբ, համոզված է, որ դեռ կգան լավ օրեր, «լավ ժամանակներ» և այդ գիտակցությամբ է, որ նա մղվում է գրելու և սերունդներին հիշատակ թողնելու իր երկը։
Ուռհայեցին ազգային ավանդույթների կրքոտ պաշտպան է։ Նա զգում է, որ պետականության կորստյան պայմաններում ազգային ավանդույթները հայ ժողովրդի գոյատևման գործոններից մեկն են։ Այդ իսկ պատճառով նա պայքարում է, ոչ միայն նրանց դեմ, ովքեր ձգտում էին քաղկեդոնականությունը տարածել Հայաստանում, այլև քաղկեդոնականություն ընդունող հայերի դեմ։
Ուռհայեցին գրում է գրեթե իր ժամանակի խոսակցական լեզվով: Շատ են կրկնությունները և անհարթ նախադասությունները, որոնց մի մասը, անշուշտ, հետագա արտագրությունների հետևանքն է։ Բայց, չնայած այդ բոլորին, մենք ստեպ-ստեպ նրա մոտ այնպիսի գեղեցիկ նկարագրությունների ենք հանդիպում, որ արձակ բանաստեղծության տպավորություն են թողնում. Գագիկ Բ թագավորի՝ Կեսարիայի մետրոպոլիտից վրեժ առնելու, Թորոս իշխանի՝ Գագիկ Բ-ի սպանության վրեժն առնելու պատմությունները հայ հին գրականության լավագույն էջերից են։
Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրությունը» շարունակել է Գրիգոր Երեցը, հասցնելով այն մինչև 1162-1163 թթ., նրա մասին գիտենք, որ քեսունցի երեց էր։ 1137-1138 թթ. Քեսունի վրա Մելիք–Մահմեդի հարձակման մասին գրելիս Գրիգոր Երեցն ասում է. «Ես նվաստ երեց Գրիգորս սրտապնդում էի (քաղաքացիներին) աչալրջորեն պահպանել քաղաքը»։
1850 թ. ֆրանսիացի հայագետ էդ. Դյուլորիեն խաչակրաց առաջին արշավանքի մասին Մատթեոս Ուռհայեցու տեղեկությունները հրատարակեց ֆրանսերեն թարգմանությամբ, իսկ 1858 թ. իրականացրեց «Ժամանակագրության» ամբողջական ֆրանսերեն թարգմանությունը՝ Գրիգոր Երեցի շարունակությամբ հանդերձ (բացառությամբ Բարսեղ Քեսունցու ողբ-դամբանականի), նրան կցելով առաջաբան և մանրամասն ծանոթագրություններ։
«Ժամանակագրության» հայերեն բնագիրը առաջին անգամ լույս տեսավ 1869 թ. Երուսաղեմում, իսկ երկրորդ անգամ, ավելի լիակատար գրչագրից՝ 1898 թ. Վաղարշապատում։



Որոշ հատվածներ փոխ է առնվել http://www.litopedia.org կայքից:

Комментариев нет:

Отправить комментарий